2 Kings 9
1 Եղիսեե մարգարեն, կանչելով մի մարգարեի, ասաց նրան. «Գոտի՛ կապիր մեջքիդ, յուղի այս սրվակը ձե՛ռքդ վերցրու, գնա մտի՛ր Գաղաադի Ռամաթ քաղաքը։
2 Երբ տեսնես Ամեսիի որդի Հովսափատի որդի Հեուին, նրան կանչի՛ր իր եղբայրների միջից, մի ներքնասենյա՛կ տար նրան
3 և այս սրվակի յուղը նրա գլխին թափելով՝ ասա՛. “Այսպես է ասում Տերը. քեզ Իսրայելի թագավոր օծեցի”։ Ապա դուռը բա՛ց արա, էլ մի՛ սպասիր, փախի՛ր»։
4 Երիտասարդ մարգարեն գնաց մտավ Գաղաադի Ռամաթ քաղաքը
5 և տեսավ, որ զորքի իշխանները նստած են։ Նա ասաց. «Ո՜վ իշխան, խոսք ունեմ քեզ ասելու»։ Հեուն ասաց. «Մեզնից ո՞ւմ»։ Մարգարեն ասաց. «Քե՛զ, ո՜վ իշխան»։
6 Հեուն եկավ ու մտավ սենյակը։ Յուղը թափելով նրա գլխին՝ նա ասաց. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Քեզ Տիրոջ ժողովրդի՝ Իսրայելի թագավոր օծեցի,
7 որպեսզի վերացնես քո տիրոջ՝ Աքաաբի տունը և իմ ծառա մարգարեների ու Տիրոջ բոլոր ծառաների արյան վրեժը լուծես Հեզաբելից ու նրա ամբողջ տնից,
8 Աքաաբի տնից ոչնչացնես բոլոր արուներին, Իսրայելից՝ նրա բոլոր ժառանգներին՝ գերի թե ազատ,
9 որպեսզի ես Աքաաբի տունը Նաբատի որդի Հերոբովամի տան և Աքիայի որդի Բաասայի տան նման դարձնեմ։
10 Հեզաբելին Հեզրայելի դաշտերի մեջ շները պիտի ուտեն, և մարդ չպիտի գտնվի, որ թաղի նրան”»։ Ապա նա դուռը բացեց ու փախավ։
11 Հեուն եկավ իր տիրոջ ծառաների մոտ, որոնք հարցրին նրան. «Բարի՞ լուր է. այս անմիտն ինչո՞ւ էր եկել քեզ մոտ»։ Նա ասաց նրանց. «Դուք արդեն գիտեք այդ մարդուն և նրա բարբաջանքները»։
12 Նրանք ասացին. «Ճիշտ չէ, պատմի՛ր մեզ»։ Հեուն նրանց ասաց. «Այսպես ու այսպես ասաց ինձ. “Այսպես է ասում Տերը. քեզ Իսրայելի թագավոր օծեցի”»։
13 Երբ այդ լսեցին, ամեն մեկն շտապեց իր բաճկոնը վերցնել և աստիճանների գլխին, որտեղ նստում էին, դրեց նրա տակը։ Եղջերափող հնչեցնելով՝ նրանք ասացին. «Հեուն թագավոր դարձավ»։
14 Ամեսսիայի որդի Հովսափատի որդի Հեուն գլուխ բարձրացրեց Հովրամի դեմ, իսկ Հովրամը ասորիների արքա Ազայելի պատճառով ողջ Իսրայելի հետ պաշտպանում էր Գաղաադի Ռամաթ քաղաքը։
15 Հովրամ արքան ասորիների արքա Ազայելի դեմ պատերազմելու ընթացքում ասորիների հասցրած վերքերից բուժվելու համար եկել էր Հեզրայել։ Հեուն ասաց. «Եթե հոգով դուք ինձ հետ եք, ապա թող ոչ ոք գաղտնի դուրս չգա քաղաքից, որ գնա այս բանը հայտնի Հեզրայելում»։
16 Հեուն ձի հեծավ ու գնաց Հեզրայել, որտեղ Իսրայելի Հովրամ արքան բուժվում էր նետերի վերքերից, որ ստացել էր Ռամաթում ասորիների արքա Ազայելի դեմ պատերազմելիս։ Նա զորավոր և հզոր մարդ էր և այնտեղ էր պառկել։ Հուդայի երկրի արքա Օքոզիան եկել էր տեսնելու Հովրամին։
17 Հեզրայելում մի պահակ աշտարակի վրա ելավ ու փոշի տեսավ, որ Հեուի գալուց էր բարձրանում։ Նա ասաց. «Ես փոշի եմ տեսնում»։ Հովրամն ասաց. «Մի հեծյա՛լ վերցրու, նրան ընդառա՛ջ ուղարկիր, և նա թող հարցնի, թե խաղա՞ղ նպատակով է գալիս»։
18 Հեծյալը նրան ընդառաջ գնաց և ասաց. «Արքան այսպես է ասում. “Արդյոք խաղա՞ղ նպատակով ես գալիս”»։ Հեուն նրան ասաց. «Քո ինչի՞ն է պետք խաղաղությունը, հետևի՛ր ինձ»։ Աշտարակի պահակը, այդ բանը հաղորդելով, ասաց. «Սուրհանդակը հասել է նրանց, բայց չի վերադառնում»։
19 Արքան երկրորդ հեծյալին ուղարկեց, որն ասաց. «Այսպես է հարցնում արքան՝ “Արդյոք խաղա՞ղ նպատակով ես գալիս”»։ Հեուն ասաց. «Քո ինչի՞ն է պետք խաղաղությունը, հետևի՛ր ինձ»։
20 Աշտարակի պահակը, այդ բանը հաղորդելով, ասաց. «Սուրհանդակը հասել է նրանց մոտ, բայց չի վերադառնում։ Նրա ձի վարելը նման է Ամեսսիայի որդի Հեուի ձի վարելուն, որովհետև կատաղորեն է քշում»։
21 Հովրամն ասաց. «Կառքը լծի՛ր»։ Մարտակառքերը լծեցին, և Իսրայելի արքա Հովրամն ու Հուդայի արքա Օքոզիան՝ ամեն մեկն իր մարտակառքը նստած, Հեուին ընդառաջ գնացին և նրան հասան Նաբոթ Հեզրայելացու կալվածքում։
22 Երբ Հովրամը տեսավ Հեուին, ասաց. «Խաղա՞ղ նպատակով ես գալիս, Հեո՛ւ»։ Հեուն ասաց. «Ի՞նչ խաղաղություն, երբ քո մայր Հեզաբելի պոռնկություններն ու կախարդությունները շատանում են»։
23 Հովրամը, սանձերը շուռ տալով, փախավ և ասաց Օքոզիային. «Դավադրություն է, Օքոզիա՛»։
24 Հեուն քաշեց աղեղը, հարվածեց Հովրամի թիկունքի մեջտեղը. նետը մտավ նրա սիրտը, և նա ընկավ ծնկների վրա։
25 Հեուն ասաց իր զինակիր Բադեկարին. «Սրան գցի՛ր Նաբոթ Հեզրայելացու արտը, քանի որ հիշում եմ, որ երբ ես ու դու դրա հայր Աքաաբի հետևից ձի հեծած կողք կողքի գնում էինք, Տերը նրա նկատմամբ այս վճիռը տվեց.
26 “Ես,- ասաց Տերը,- երեկ տեսա Նաբոթի ու նրա որդիների արյունը. դրա համար ես քեզ պիտի հատուցեմ այս ագարակում”։ Արդ, վերցրո՛ւ նրան ու նետի՛ր այդ արտը, ինչպես ասել է Տերը»։
27 Հուդայի արքա Օքոզիան, տեսնելով այդ, փախավ Բեթանգան տանող ճանապարհով, բայց Հեուն հետապնդեց նրան և ասաց. «Ապա, դրա՛ն էլ սպանիր»։ Եվ նա խոցեց նրան մարտակառքում, երբ սա բարձրանում էր Բերայի, այսինքն՝ Հեբլաամի զառիվերը։ Նա փախավ Մակեդդով և այնտեղ մեռավ։
28 Ծառաները նրան տարան Երուսաղեմ և այնտեղ թաղեցին իր նախնիների մոտ՝ Դավթի քաղաքում։
29 Օքոզիան Իսրայելի արքա Հովրամի թագավորության տասնմեկերորդ տարում թագավորեց Հուդայի վրա։
30 Հեուն եկավ Հեզրայել։ Հեզաբելը, երբ այդ լսեց, իր աչքերին ծարիր քսեց, իր գլուխը զարդարեց ու նայեց պատուհանից դուրս։
31 Երբ Հեուն քաղաք էր մտնում, նա ասաց. «Մի՞թե տիրասպան Զամբրին խաղաղությամբ է գալիս»։
32 Հեուն, գլուխը բարձրացնելով դեպի պատուհանը, ասաց. «Ո՞վ ես դու, իջի՛ր ինձ մոտ»։ Երկու ներքինիներ կռացան ու ցած նայեցին,
33 և Հեուն ասաց նրանց. «Ցա՛ծ գցեք դրան»։ Ցած նետեցին այդ կնոջը. նրա արյունը պատերի ու ձիերի վրա ցայտեց, և ձիերը ոտքի կոխան արեցին նրան։
34 Հեուն մտավ ներս և ուտելուց ու խմելուց հետո ասաց. «Վերցրե՛ք այդ անիծյալին ու թաղե՛ք նրան, քանզի թագավորի դուստր է»։
35 Գնացին նրան թաղելու, սակայն նրանից ոչինչ չգտան, բացի գանգից, ոտքերից ու ձեռքերից,
36 և վերադարձան և այդ մասին հայտնեցին Հեուին։ Նա ասաց. «Իրականացավ Տիրոջ այն խոսքը, որ ասվել էր Եղիա Թեզբացու բերանով՝ “Հեզրայելի կալվածքում շներն ուտելու են Հեզաբելի մարմինը,
37 Հեզաբելի դիակն այդ կալվածքի հողի երեսին լինելու է իբրև աղբ, այնպես որ ոչ ոք չկարողանա ասել՝ “Սա է Հեզաբելը”»։